Рубрика: ՀՈԴՎԱԾՆԵՐ

Մուտք կրթահամալիր

Ողջու՜յն: Ես Վարոսյան Աննան եմ: Շուրջ մեկ է տարի աշխատում եմ « Մխիթար Սեբաստացի » կրթահամալիրում, սակայն նրա մասին լսել եմ դեռ վաղուց: Երբ եկա կրթահամալիր ինձ համար ամեն ինչ անսովոր էր՝ այլ կրթություն, այլ մանկավարժական մեթոդներ, այլ չափորոշիչներ:

Մանկավարժությունը մարդուն կրթելու անընդմեջ գործընթաց է, գիտելիքների հաղորդում և յուրացում: Մանկավրժությունը այս կրթահամալիրում առաջարկում է որոշակի դրույթներ և անվերջ ստեղծագործական որոնողական աշխատանքի սխեմաներ, որոնք թույլ են տալիս իրականացնել երեխայի դաստիարակությունը, ձևավորելով նրա անձնային հատուկ որակները: Երեխաների հետ աշխատանքը գիտություն է և արվեստ, գիտելիքի, վարպետության, մարդկանց ճանաչելու ձգտման և կարողության սինթեզ:

Ո՞րն է հեղինակային մանկավարժությունը, կամ ի՞նչ է այլընտրանքային ուսուցում: Այս ամենը ինձ համար բացահայտել էր պետք ու ես լծվեցի այդ գործին: Չկարողանալու մտավախությունս մեծ էր, ամեն ինչ թվում էր անհաղթահարելի: Սակայն ժամանակի ընթացքում ամեն ինչ դարձավ ծանոթ, սիրելի, հարազատ: Դրա համար պետք էր մի նոր աշխարհ բացահայտել: Ի՞նչը սիրեցի ու հավանեցի այլընտրանքային այս դպրոցում: Այստեղ հարգում են սովորողին, ոչ թե կրթական համակարգը: Սովորողը կարող է ինքնուրույն ընտրել սիրելի առարկան ողջ ուսումնական տարվա համար: Այս ճկուն ուսումնական ծրագիրը հաշվի է առնում սովորողների անհատական առանձնահատկությունները: Այստեղ ավանդական մանկավարժական կանոնները կարելի է ասել մերժվում են, նոր գաղափարները ՝ ողջունվում : Ներկայումս շատ ծնողներ դժգոհ են հանրակրթական դպրոցներում առկա կրթական համակարգից։ Հիմնական պատճառները՝ երեխաների մոտ առաջացած հիասթափություններն են , որոնք առաջանում են հանրակրթական դպրոցներում տրվող մեծածավալ ու անհաղթահարելի տնային աշխատանքների, ցածր գնահատականների հետևանքով: Հետեւաբար, այլընտրանքային կրթությունը, որի կրողը « Մխիթար Սեբաստացի » կրթահամալիրն է, ձեռք է բերել սեր ու ժողովրդականություն: Այստեղ կրթությունը ներառում է մանկավարժական մոտեցումներ, որոնք տարբերվում են ավանդականից: Օրինակ՝ ուսումնական միջավայր կարող է ստեղծվել ինչպես դպրոցներում, այնպես էլ՝ տանը, բակում: Մեծ է ընտանեկան դպրոցի ու ծնողական համայնքի դերը կրթահամալիրում գործող ուսումնական ծրագրում:Դպրոցն ունի փիլիսոփայություն , որը հիմնված է երեխաների ինքնուրույնությունն ու ռիթմը հարգելու, հուզական կրթությունը, ստեղծագործականությունն ու որոշումների կայացմանը խթանելու վրա: Այստեղ երեխաները մեծանում են ազատ ու անբարդույթ: Նրանց չեն կոտրում ցածր գնահատականով կամ «ծույլիկ» պիտակավորումով: Ամեն ինչ սովորում են պրակտիկորեն՝ փորձելով, կիրառելով, տեսնելով: Այստեղ կրթությունն իրականացվում է ինչպես առկա, այնպես էլ՝ հեռակա ձևաչափով:

Այս մանկավարժության կրողը՝ սովորեցնողը, պարտավոր է ունենալ իր սեփական ուրույն մեթոդները սովորողին գիտելիքով սնելու համար: Արդյունավետ դասավանդման համար նորօրյա դպրոցի սովորեցնողն անհրաժեշտ է ոչ միայն դասավանդվող առարկայի խոր և բազմակողմանի իմացություն, այլև դասավանդման նպատակների ,խնդիրների,դրանց կենսագործմանն ուղղված եղանակների, ձևերի ու միջոցների նպատակահարմար ընտրություն կատարելու կարողություն և հմտություն: Կրթական համակարգը անդադար շարժում է, որի պատճառով սովորողները չեն հասցնում խորքային գիտելիքներ ձեռք բերել։ Ուսուցման գործընթացում մենք հաճախ ավելի կարևորում ենք գիտելիք տալը։ Բայց իրականում ավելի կարևոր է իմացածի մտաբերումը: Դրա համար էլ պետք է նյութի շարունակական կրկնություն: Այս առումով, որպեսզի սովորողնորն ունենան մնայուն գիտելիքներ, պետք է ուսուցանվող նյութը կրկնելու, ամրապնդելու, կիրառելու, կապակցելու հնարավորություններ ընձեռվեն։ Ընդ որում՝ դա պետք է արվի կանոնավոր և շարունակական ձևով։ Այլ կերպ ասած՝ պետք է կարևորել ոչ միայն ուսումնական ծրագիրն ու նյութը, այլև մեթոդները: Յուրաքանչյուր մանկավարժ այստեղ բանեցնում է իր կողմից մշակած մեթոդները: Իմ կարծիքով ցանկացած մեթոդ կիրառելուց առաջ սովորեցնողը պետք է մի պահ իրեն սովորող զգա: Խնդիրն այն է, որ գիտելիք ունեցողը հաճախ չի պատկերացնում, թե ինչ է տեղի ունենում դեռևս չիմացող աշակերտի հետ։ Ի՞նչ է հասկանում, ի՞նչ չի հասկանում, ի՞նչն է դժվարությամբ տրվում։ Պատահական չէ, որ հաճախ մանկավարժները զարմանում են, թե ինչու սովորողները հասարակ բաները չեն հասկանում։ Իրականում այդ ամենը հասարակ է թվում իմացողի տեսանկյունից։ Իսկ դեռևս չիմացողի տեսանկյունից կարող է այլ կերպ լինել։ Հետևաբար՝ շատ կարևոր է սովորողներին նոր բաներ սովորեցնելիս մանրամասնել և անդրադառնալ՝ ինչո՞ւ է այդպես, ինչի՞ց է բխում այդ հետևությունը, որո՞նք են դրա բաղկացուցիչները և նմանատիպ այլ հարցերը։ ՈՒսուցման մեջ հաճախ օգնում է օրինակների օգտագործման մեթոդը: Ես կարծում եմ, որ շատ կարևոր է, որ սովորողներին առաջադրանքներ տալիս տրվեն այնպիսի օրինակներ, որոնցում հարցի պատասխանի մի մասը կա: Սա սովորողին քայլ առ քայլ սովորելու հնարավորություն է տալիս:

Այժմ հաճախ են հակադրում ուսուցման ավանդական և ժամանակակից ինտերակտիվ մեթոդները: Իմ կարծիքով ինտերակտիվ ժամանակակից մոտեցումներն անհրաժեշտ են սովորողներին մոտիվացնելու, ուսուցումը հետաքրքիր ու մասնակցային դարձնելու համար։ Բայց այդ ամենը չեն բացառում նաև ավանդական մոտեցումների օգտագործումը։ Հարց ու պատասխանը, նյութը վերհիշելը, վարժանքները, ուսուցչի բացատրական խոսքը այսօր էլ կարևոր են ու անհրաժեշտ ուսուցման համար ու նաև կիրառելի կրթահամալիրում։ Բացի այդ՝ ինտերակտիվ, ավելի ժամանակակից ուսուցումն ունի որոշակի ռիսկեր, որոնք անտեսել չի կարելի։ Օրինակ՝ խմբային աշխատանքների ժամանակ որոշ աշակերտներ «գլուխ են պահում»։ Արտաքուստ թվում է, թե երեխաներն ակտիվ են, բայց վերջում պարզվում է, որ գիտելիքների մակարդակը այդքան էլ գոհացուցիչ չէ։ Հետևաբար՝ նոր մանկավարժության մեջ պետք է լինեն հին ու նոր մեթոդների և հնարների համադրում։ Բոլոր մեթոդներն ու հնարները ինչ-որ իրավիճակում կարող են օգտակար լինել։

Յուրաքանչյուր դաս, յուրաքանչյուր դասարան տարբեր է։ Մեկ դասարանում աշխատող մոտեցումը կարող է մի այլ դասարանում չաշխատել։ Հետևաբար՝ ուսուցման մեթոդներն ու հնարները պետք է ընկալել որպես գործիքներ, որոնց կիրառման մասին որոշումը կայացնում է սովորեցնողը։ ՈՒրեմն՝ արդյունավետ դասավանդման համար նորօրյա դպրոցի ուսուցչին անհրաժեշտ է ոչ միայն դասավանդվող առարկայի խոր և բազմակողմանի իմացություն, այլև դասավանդման նպատակների, խնդիրների,դրանց կենսագործմանն ուղղված եղանակների, ձևերի ու միջոցների նպատակահարմար ընտրություն կատարելու կարողություն և հմտություն: Այսպիսինն են իմ մանկավարժական դիտարկումներն ու մոտեցումներն այժմ:

Կրթահամալիրում ուսումնական կարևոր նշանակություն ու դեր ունեն ճամփորդությունները: Այստեղ ճամփորդելով են սովորում ճանաչել ու սիրել սեփական հայրենիքը: Սովորողների երջանիկ ուսումնական պահերի գերակշիռ մասը գոյանում է հենց ճամփորդությունների ընթացքում: Սովորողների մոտ ճանապարհ հասկացությունը գրգռում է մտածողությունը, զարգացնում միտքը, ձևավորում է հոգեկան ուրույն աշխարհ: Ով ճանապարհորդում է, չի կարող չմտածել, չստեղծագործել: Կյանքը, ըստ իս, բաղկացած է մտածելու և ստեղծագործելու փիլիսոփայությունից: Իմ մեկտարյա փորձից հասկացա, որ սովորողներն ամեն ճամփորդությունից հետո ավելի ու ավելի են կապվում մեկմեկու, ավելի մտերմիկ, հարազատ են դառնում ,չէ որ միասին ճանապարհ են անցել, բարձունք հաղթահարել:

Ցանկացած սեբաստացի գիտի խնամել ու մաքրել շրջակա միջավայրը, տնկել ու աճեցնել, զարգացնել ու բազմացնել: Լինելով քոլեջի պարտիզպուրակային բաժնի ուսանող՝ ես ու երկարացված օրվա ճամբարականները ամենօրյա աշխատանքով ստեղծում ենք մեր փոքրիկ ծաղկանոցը: Սովորողները անչափ սիրում են հողի հետ աշխատել, փորել ,ցանել, ջրել: Այս տարիքից անհրաժեշտ է, որ երեխան մոտ լինին հողին, ձգտի մեր մոլորակի բնապահպանական վիճակի բարելավմանն ու կայունացմանը: Այստեղ հասկացա, որ ծաղկոցի ստեղծումն օգնեց որոշ սովորողների ի ցույց դնելու սեփական գործի հանդեպ ուշադրություն, խնամք, որ առաջ նկատելի չէր:

Կրթօջախը մոտ է կանգնած մեր ակունքներին, այստեղ սիրում ու սովորում են ազգային երգն ու պարը, տոնում բոլոր ավանդական ծեսերը: ՈՒ այդ ամենին մասնակից են և՛ սովորողը, և՛ սովորեցնողը: Մենք կրթահամալիրում ունենք բազում առարկաներ, որոնք նպաստում են հայ մարդու դաստիարակությանը, սակայն ազգային երգը գալիս է լրացնելու այն առարկաների ցանկը, որ ներդրվել Է որպեսզի երեխաները ոչ միայն կարողություն և հմտություն ունենան, այլ նաև իրենց մեջ կրեն ազգային ինքնության վրա դրոշմված արժեքներ: Իմ կարծիքով ազգային երգն ու պարը մարդուն ինքնամաքրման ճանապարհով տանող արվեստի ճյուղերն են, ուր ներդաշնակվում են մարմինն ու հոգին, տանում դեպի խոր ակունքներ: Ազգային երգ ու պարում ամփոփված է հայ մարդու հոգևորն ու կենցաղը: Անկեղծ կգտնվեմ ու կխոստովանեմ ,որ կրթահամալիրում իմ ամենամեծ ձեռքբերումներից է ազգային երգ ու պարի ուսուցումը, որի պաշարն օր օրի ավելի ծավալուն է դառնում: Սկզբում երգ ու պարից իմ անտեղյակությունն ինձ բարդույթավորում էր, իսկ հիմա՝ ոչ: Հասկացա , որ առանց փորձելու ոչ կերգես, ոչ էլ կպարես:

Խաղը բացի ժամանցային երևեւյթ լինելուց, ունի նաև դաստիարակչական ուսուցողական նշանակություն: Կրթության մեջ այն հանդես է գալիս որպես միջոց, մեթոդ գիտելիքը տեղ հասցնելու համար: Դասապրոցեսում խաղը որպես ակտիվ ուսուցման կազմակերպման ձև ակտիվացնում է երեխաներին: Խաղի միջոցով կարելի է լուծել ուսումնական բոլոր խնդիրները՝ հատկապես կրտսեր դպրոցում: Պետք է խաղը տարրալուծել ուսումնական գործընթացի մեջ և ուսումնական նպատակներն իրականացնել խաղի օգնությամբ ու խաղի միջոցով: Ուսուցման ընթացքում խաղի կիրառումը զարգացնում է երեխաների ուշադրությունը, օգնում է ուսուցչին ակտիվացնել անհամարձակ երեխային, որովհետև խաղալիս երեխան իրեն ազատ է զգում: Երեխային հնարավորություն է տրվում ազատ արտահայտելու իրենց մտքերն ու կարծիքները: Խաղային իրավիճակներում երեխան դառնում է առավել գործուն և ուշադիր: Խաղերը հաճախ տեղեկատվական բնույթ են կրում, որի ընթացքում երեխան կարողանում է ազատ մտածել տվյալ հարցի շուրջ: Քննարկման փուլում նա լսում է ուրիշների կարծիքները և նույն հարցի վերաբերյալ տարբեր մեկնաբանություններ: Ինքն էլ հնարավորություն ունի համագործակցելու ընկերների հետ և սեփական որոշում կայացնելու: Արդյունքում երեխան ինքնավստահություն է ձեռք բերում և զարգացնում զննողականությունը : Խաղը երեխայի համակողմանի զարգացման, ինքնահաստատման, ինքնակատարելագործման կարևոր միջոց է, որը բացահայտում է նրա բնավորության շատ կողմեր: Խաղի միջոցով երեխային կարելի է և՛ կրթել, և՛ դաստիարակել: Խաղի ընթացքում երեխան դրսևորում է որոշակի ինքնուրույնություն, ձգտում է ինքնահաստատման, ձևավորվում են բնավորության որոշակի գծեր: Խաղի ընթացքում երեխաները ազատ են և ինքնուրույն, ունեն հավասար իրավունքներ և ինքնադրսևորման լայն հնարավորություններ: Խաղն ապահովում է հասակակիցների հետ փոխշփումներ, հաճելի մթնոլորտ և համագործակցելու լավագույն պայմաններ:
Դասի տարբեր փուլերում անցկացվող խաղերի տեսակներից կարելի է
առանձնացնել այն ուսուցողական խաղերը, որոնք համապատասխանում են դասի թեմային և կազմակերպվում են առանձին թեմաների ուսուցումը նախապատրաստելու, անցածը խորացնելու, ամրապնդելու և ամփոփելու նպատակով: ՈՒսուցողական խաղերի միջոցով հնարավոր է ձևավորել և զարգացնել սովորողների ստեղծագործական կարողությունները, մասնավորապես հաշվողական և լեզվական հմտությունները:

Երկարացված օրվա ճամբարականների հետ ունեցել ենք « Ազգային խաղեր » շուրջտարյա նախագիծը: Երեխաները սովորել են մի շարք ազգային խաղեր ու սիրով խաղում են դրանք: Այս խաղերը սեբաստացի սովորողների առօրյան լցնում են ազգային գույն ու բույրով: Մեծ դեր ունեն ազգային խաղերը յուրաքանչյուր հայ երեխայի կյանքում, նաև նրանց միջոցով են փոքրիկները ճանաչում ու սիրում ազգայինը, դառնում են ազգայինի կրողն ու փոխանցողը: Ազգային, բակային խաղերը անչափ սիրելի են երկարացված օրվա ճամբարականների կողմից, որոնց մասնակից եմ նաև ես:

Այստեղ սովորողները ծանոթ են ազգային խոհանոցի գոհարներին, ամեն մի ազգային ուտեստի պատրաստում դառնում է ծես ու տոնախմբություն, ուղեկցվում արդեն ավանդական դարձած երգ ու պարով: ՈՒ այս ամենին երբեմն մասնակից են նաև ծնողները: Ոչ մի տեղ չես գտնի նման հյուրընկալ միջավայր՝ անպահակ, անցանկապատ, ուր բոլորը անխտիր ժպտում են միմյանց…

Կրթահամալիրի իմ ամենասիրելի վայրը ՈՒսումնական ագարակն է, այնտեղ իրագործել ենք « Ձիավարություն և կենդանիների խնամք» շուրջտարյա նախագիծը: Ագարակը հատուկ է կենդանիների բազմազանությամբ, որտեղ սովորողները ոչ միայն ձիավարում են, այլ նաև ձերբազատվում կենդանիների նկատմամբ վախերից: ՈՒնեցել ենք սովորող , ով անգամ չԷր մոտենում ձիուն, իսկ այժմ ձիավարում, սանրում ու կերակրում է: Այստեղ սովորողները տեղեկանում են, թե որ կենդանուն ինչպես պետք է խնամել ու կերակրել : Ագարակը մեզ փոքրիկ գյուղ է հիշեցնում կենդանիների կանչող ձայնով , որտեղ թոնրում թխվում է լավաշթխիկի անուշաբույր լավաշը, որտեղ ամեն ոք իրեն զգում է գյուղին ու հողին անչափ մոտ:

Մեկտարյա աշխատանքի ընթացքում հասցրել եմ ունենալ ուսումնական ռադիո, որը կրում է « Շատախոս ռադիո » անվանումը: Ռադիոյի նպատակն է զարգացնել սովորողների խոսքը , հմտացնել ինքնաարտահայտվելու կարողությունը , սեփական կարծիքն արտահայտելու և հիմնավորելու  կարողությունների զարգացում-ամրապնդումը։ Օգնում ու դրդում է սովորողների որոնողական-հետազոտական կարողություններին, նպաստում է նոր գիտելիքների ձեռքբերմանը: Զարգանում է սովորողի բանավոր խոսքը, լսածը փոխանցելու կարողությունը, նոր գիտելիքների հաղորդումն ու փոխանցումը:

Կրթահամալիրում առաջնային է սպորտի դերն ու նշանակությունը: Սովորողներն ունեն հնարավորություն զբաղվելու մարմնակրթությամբ, հեծանվավարությամբ, լողով: Հաճախ են կազմակերպվում մարզական մրցակցային խաղեր: Սպորտը օգնում է երեխաներին զարգացնել իրենց ֆիզիկական հմտությունները, վարժություններ կատարել, նոր ընկերներ ձեռք բերել, հաճույք ստանալ, սովորել խաղալ թիմում, սովորել խաղալ արդար եւ բարձրացնել ինքնագնահատականը:

Գնահատելի է այն փաստը, որ կրթահամալիրը ձեռք է մեկնում ու հնարավորություններ է տալիս անփորձ ու սկսնակ մանկավարժներին: Ինձ տվել է ավելին, քան կարող էի երազել՝ ինքնավստահություն, սիրելի գործով զբաղվելու բերկրանք: Այստեղ ուսուցիչն ու աշակերտը լավ ընկերներ են ու դա հնարավոություն է տալիս, որ սովորողը անմիջականորեն գա ու գրկի քեզ, ասի քնքուշ ու ջերմ խոսքեր: Ես այս դպրոցն անվանել եմ «երջանիկների դպրոց », բոլորն այստեղ երջանիկ ժպտում են իրար, որովհետև այստեղ ամեն ինչի էությունը սերն է, ամենակարող ու կենսատու սերը ամեն ինչում և ամենի հանդեպ:

Սիրում եմ կրթահամալիրս, ընկերներիս , սովորողներիս…

ՈՒրախ եմ, որ սեբաստացիական կուռ ընտանիքի անդամ եմ…

ԵՍ ՍԵԲԱՍՏԱՑԻ ԵՄ…

Рубрика: ՀՈԴՎԱԾՆԵՐ

Մուտք կրթահամալիր

Ողջույն: Ես Վարոսյան Աննան եմ: Կրթահամալիրում եմ մարտ ամսից, սակայն նրա մասին լսել եմ դեռ վաղուց: Լսել եմ թե՛ դրական, թե՛ բացասական կարծիքներ: Եկել էր ժամանակը, երբ ինքս պետք է հասկանայի, թե ինչպիսինն է իրականում այն: Կրթահամալիրում ինձ համար ամեն ինչ անսովոր էր՝ այլ կրթություն, այլ մանկավարժական մեթոդներ, այլ չափորոշիչներ: Սակայն ժամանակի ընթացքում ամեն ինչ դարձավ ծանոթ, սիրելի, հարազատ: Հիմա աշխատում եմ ամենսիրելի Արևմտյան դպրոցում։

Հենց սկզբից անցել եմ քառօրյա վերապատրաստում: Դրան հաջորդել է մասնակցությունս «Մուտք կրթահամալիր » ճամբարին: Երեք ամիս եղել եմ կամավոր աշխատող Արևմտյան դպրոցում: Անչափ կարևվորում եմ կամավոր աշխատանքիս դերն այսօր իմ գործում: Որպես ջոկատավարի օգնական եղել եմ ամառային լողափնյա ճամբարում: Դե իսկ սեպտեմբեր ամսից՝ աշխատում եմ երկարացված օրվա կազմակերպիչ:

Այս ողջ ճանապարհին զարմանքի ու հիացմունքի շատ առիթներ եմ ունեցել: Հիացել եմ սեբաստացի փոքրիկ ճամփորդներով: Զգացել եմ, թե ինչպես են ճամփորդելով սովորում ճանաչել ու սիրել սեփական հայրենիքը:Ցանկացած սեբաստացի գիտի խնամել ու մաքրել շրջակա միջավայրը, տնկել ու աճեցնել, զարգացնել ու բազմացնել…

Կրթօջախը մոտ է կանգնած իր ակունքներին, այստեղ սիրում ու սովորում են ազգային երգն ու պարը, տոնում բոլոր ավանդական ծեսերը: ՈՒ այդ ամենին մասնակից են և՛ սովորողը, և՛ սովորեցնողը:

Մեզ մոտ երեխաները մեծանում են ազատ ու անբարդույթ: Նրանց չեն կոտրում ցածր գնահատականով կամ «ծույլիկ» պիտակավորումով:Ամեն ինչ սովորում են պրակտրկորեն՝ փորձելով, կիրառելով, տեսնելով:

Ոչ մի տեղ չես գտնի նման հյուրընկալ միջավայր՝ անպահակ, անցանկապատ, ուր բոլորը անխտիր ժպտում են միմյանց…

Շատ գնահատելի է այն փաստը, որ կրթահամալիրը ձեռք է մեկնում ու հնարավորություններ է տալիս անփորձ ու սկսնակ մանկավարժներին: Ինձ տվել է ավելին, քան կարող էի երազել՝ ինքնավստահություն, սիրելի գործով զբաղվելու բերկրանք: Այստեղ ուսուցիչն ու աշակերտը լավ ընկերներ են ու դա հնարավոություն է տալիս, որ սովորողը անմիջականորեն գա ու գրկի քեզ, ասի քնքուշ ու ջերմ խոսքեր:

Սիրում եմ կրթահամալիրս, ընկերներիս , սովորողներիս…

ԵՍ ՍԵԲԱՍՏԱՑԻ ԵՄ…